Հաշտարարները, փաստաբանները, տարբեր դատական ատյանների դատավորները և ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները 2022 թվականի մարտի 29-ին քննարկեցին Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետի կողմից ներկայացված Հաշտարարության զարգացման գործիքակազմը: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակում հաշտարարության ոլորտում առկա մարտահրավերների և Եվրոպայի խորհրդի չափանիշների ու անդամ պետությունների լավագույն փորձի լույսի ներքո երկրում հաշտարարության հետագա զարգացումը խթանելու համար անհրաժեշտ քայլերի վերաբերյալ: Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նոր կայքին (www.mediators.am), որը մշակվել է Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությանը ցուցաբերված աջակցության շրջանակներում:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հաշտարարության ստանդարտ ձևերի հարցին։ «Մենք ընդունում ենք մշակված հաշտարարության ստանդարտ ձևերի կարևորությունը, որոնք ուղղված են օգնելու հաշտարարներին և կարող են կիրառվել հաշտարարության մասնակիցների կողմից հաշտարարության տարբեր փուլերում։ Հաշտարարության ստանդարտ ձևերը կարող են նաև օգտակար լինել տրամադրված հաշտարարական ծառայություններից կողմերի գոհունակության մակարդակի գնահատման ժամանակ։ Ուստի, շատ օգտակար կլինի Եվրոպայի խորհրդի փորձագիտական աջակցությամբ հաշտարարության այդ ստանդարտ ձևերը հարմարեցնել Հայաստանի իրավական համատեքստին», - ասաց Հայաստանի hաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ Վանիկ Մարգարյանը։ Հանդիպման ընթացքում քննարկումներ են ծավալվել նաև վերաբերելի տվյալների և վիճակագրության հավաքագրման, դատավորների դերի, ընտանեկան և քրեական հարցերով հաշտարարության առանձնահատկությունների, ոչ միայն համապատասխան օրենսդրական կարգավորող դաշտ ունենալու, այլև նաև երկրում հաշտարարության հետագա զարգացման և դրա կիրարկման ռազմավարության և ճանապարհային քարտեզի կարևորության վերաբերյալ։
Հայաստանում հաշտարարության գործնական կիրառման վերաբերյալ կլոր սեղան-քննարկումը կազմակերպվել է «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի կողմից: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից: