2021թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի կողմից կազմակերպված՝ «Հաշտարարության ոլորտի զարգացման ուղղությունները «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվող բարեփոխումների շրջանակում» քննարկումը:
Ծրագրի բաղադրիչներից մեկն ուղղված է Հայաստանում հաշտարարության գործնական կիրառության բարելավմանը՝ հասարակության համար դատարաններից օգտվելու գործընթացը հեշտացնելու, ինչպես նաև դատական գործերի կուտակումը նվազեցնելու նպատակով:
Հայաստանում ընթացող իրավական և դատական բարեփոխումների շրջանակում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթ, որի վերաբերյալ Ծրագրի շրջանակներում ներկայացվել է կարծիք՝ Եվրոպայի խորհրդի՝ հաշտարարության չափանիշների և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների լավագույն փորձի լույսի ներքո:
Քննարկման ժամանակ ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված նախագծերի փաթեթով առաջարկվող բարեփոխումների հիմնական ուղղությունները և Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետի կարծիքը նախագծերի փաթեթի վերաբերյալ: Այդ թվում, հանդիպման ժամանակ քննարկվել են պարտադիր հաշտարարության ներդրման հնարավոր ազդեցությունը ոլորտի զարգացման վրա, ինչպես նաև դատարանի կողմից նշանակվող հաշտարարության և առցանց հաշտարարության առանձնահատկությունները։ Մասնակիցները կարծիքներ են փոխանակել նաև հաշտարարի որակավորման, ընտրության և հաշվառման վերաբերյալ։
Քննարկմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ վճռաբեկ դատարանի, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, ՀՀ հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչներ և փաստաբաններ: